National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.10.2022
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, եւ սա հնարավորություն է իմ երազանքին իսկապես մոտենալու. ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյան
1 / 5

Ինձ համար մեծ պատիվ է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվելը. իր ելույթում նշել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ դրական քվեարկության դեպքում մեծ ուրախությամբ է ստանձնելու այդ պաշտոնը:

Հոկտեմբերի 6-ին  Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ. օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամի ընտրության հարցն է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած տեղի համար թեկնածու է առաջադրել Կարեն Անդրեասյանին:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական անցած ուղին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Կարեն Անդեասյանի խոսքով՝ մարդիկ հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարանները չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ շարունակ: «Հոգնել են նաեւ իմ խոսքերից, որովհետեւ ես այս մասին խոսում եմ գրեթե 20 տարի: Չեմ ասում, որ քիչ բան է արվել, որպեսզի մենք ունենանք մեր երազանքի դատարանները, բայց, ցավոք, նաեւ ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել է, որ այդ արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն: Ես փորձել եմ նպաստել դատական համակարգի, դատարանների լավը լինելուն՝ որպես դասախոս, որպես փաստաբան, որպես Մարդու իրավունքների պաշտպան, որպես գործարար, որպես ՀԿ ներկայացուցիչ, որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչ եւ վերջում՝ որպես նախարար»,-ընդգծել է թեկնածուն:

Նա տեղեկացրել է, որ բոլոր այդ փորձերն ունեցել են մասնակի հաջողություն, մեծամասամբ նաեւ ձախողումներ: Թեկնածուն խոստացել է, որ վստահության քվեի դեպքում կլինի ԲԴԽ այն անդամներից մեկը, որը կգործի արդար, իսկ դա, ըստ նրա, բավական է ավելի շատ բան անելու համակարգի համար, քան բոլոր թվարկված պաշտոններում ու հանգամանքներում: «Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, եւ սա հնարավորություն է, ի վերջո, իմ երազանքին իսկապես մոտենալու»,- իր ելույթը եզրափակել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը:

Թեկնածուն պատասխանել է նաեւ պատգամավորների հարցադրումներին:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը թեկնածուից մեկնաբանություն է խնդրել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց, Կարեն Անդրեասյանը չի կարող լինել ԲԴԽ անդամ՝ մասնավոր ընկերության սեփականատեր լինելու պատճառով:

Թեկնածուն, դիմելով լրագրողներին, խնդրել է, որ ինչ-որ հրապարակում անելուց առաջ գոնե ճշտեն այն տեղեկատվությունը, որը բաց է, ապա ավելացրել է, որ երբեք չի եղել այն իրավաբանական ընկերության բաժնետերը, որի մասին մամուլում գրված է: Նա ավելացրել է, որ այդ ընկերությունում իր կինն ունի բաժնեմաս, ինչը խոչընդոտ չէ իր՝ ԲԴԽ անդամի թեկնածու լինելու համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը թեկնածուից հետաքրքրվել է այն առաջնային ծրագրերով, որոնք կյանքի են կոչվելու անմիջապես: Կարեն Անդրեասյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ ԲԴԽ անդամը միայն մի անելիք ունի՝ քվեարկել արդար: Անդրադառնալով համակարգին՝ նա նշել է, որ կան հսկայածավալ ասելիքներ ու անելիքներ՝ դատարանների գերծանրաբեռնվածությունից մինչեւ դատավորների խմբավորումներ, որոնք փորձում են պահպանել յուրային եւ ոչ յուրային տրամաբանությունը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը թեկնածուից հետաքրքրվել է, թե ԲԴԽ անդամ դառնալու դեպքում արդյո՞ք չեն տուժի այն նպատակներն ու անելիքները, որոնք ուներ Արդարադատության նախարարը, ապա ավելացրել՝ դրանով արդարադատության համակարգն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ տուժելու:

Կարեն Անդրեասյանն անկեղծացել է, որ ԲԴԽ անդամի թեկնածու դառնալու առաջարկը ստանալուց հետո ինքը եւս ունեցել է այդ ներքին պայքարը: Նա ընգդծել է, որ մեծ է եղել գայթակղությունը՝ ընտրե՞լ շարունակել այն բազմաթիվ ծրագրերը, որոնք մեկը մյուսից կարեւոր են լինելու ամբողջ արդարադատության համակարգի համար, թե՞ գնալ ԲԴԽ ու կենտրոնանալ հատկապես դատարանների վրա: Թեկնածուն կրկնել է, որ երբեմն մեկ արդար քվեով կարող է ավելի շատ բան փոխվել ամբողջ արդարադատական համակարգում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am